Չորս տարի առաջ մայրաքաղաքը ցնցել էր մի դաժան սպանություն: 16-ամյա Ազատ Եղոյանը, դանակի հարվածներ հասցնելով և վիզը կտրելով, սպանել էր 12-ամյա Սոս Մելքոնյանին: Սպանության հանցակցության մեջ մեղավոր էր ճանաչվել նաև 13-ամյա Սարգիս Վարդիկյանը, որին Սոսի հարազատները մեղադրում էին սպանությունը դրդելու, հրահրելու մեջ: Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Ազատ Եղոյանի նկատմամբ կայացրել էր դատավճիռ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առանձին դաժանությամբ սպանություն) և 137 հոդվածի 1-ին մասով (սպանություն, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիք), որն էլ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը թողել էր անփոփոխ: Ազատ Եղոյանն ազատազրկվել էր տասը տարով, իսկ Սարգիս Վարդիկյանի նկատմամբ դատարանը որևէ վճիռ չէր կայացրել՝ նրա անչափահաս լինելու պատճառով: Սարգիս Վարդիկյանն ու Սոս Մելքոնյանը եղել են ընկերներ, և նրանց ծնողների մտքով չի անցել, որ վերջիններիս ընկերությունը կարող է մի օր այդպիսի ավարտ ունենալ: Մեկ տարի անց Սոսի հայրը՝ Արտակ Մելքոնյանը, դանակի հարվածներ հասցնելով սպանում է իր որդու սպանության մեջ մեղավոր Սարգիս Վարդիկյանին: Արտակի հարազատները պատմում էին, որ Սոսի սպանությունից հետո նրա քույրը, մայրը ծանր սթրեսի պատճառով հայտնվել էին անհավասարակշիռ վիճակում, իսկ Արտակն ամեն օր հունից դուրս է եկել, երբ հանդիպել է նույն տարածքում բնակվող Սարգսին: Եվ քանի որ սպանությանը հանցակից Սարգսի ծնողների մտքով չէր անցել տեղափոխվել և բնակվել այլ վայրում, Արտակին հաջողվում է մի օր վրեժխնդիր լինել նրանցից: Իրավապահ մարմիններն էլ չէին մտածել Սարգսին մեկուսացնելու մասին՝ հաշվի առնելով նրա անչափահաս լինելը: Երեք-չորս տարվա վաղեմության այս պատմությունը, կարծում եմ, շատերը չեն մոռացել: Հիմա ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածությունը Սերժ Սարգսյանը ներկայացրել է ԱԺ՝ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում հաստատելու համար: Գևորգ Կոստանյանն այն զինդատախազն է, որը Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած սպանությունից օրեր անց ուղղորդեց նախաքննությունը՝ հայտարարելով, որ սպանված Ավետիք Բուդաղյանը և նրա եղբայր, ԼՂՀ ՊԲ գնդապետ Արտակ Բուդաղյանը, հարձակում են գործել Սուրեն Խաչատրյանի տան վրա: Նա չէր բացառել նաև, որ Արտակ Բուդաղյանին կարող են ներգրավել գործում որպես մեղադրյալ: Այս ամսվա սկզբներին ՊՆ քննչական մարմինը հայտարարեց քրեական գործը կարճելու և սպանության մեջ մեղադրվող Սուրեն Խաչատրյանի՝ Լիցկայի որդուն ու թիկնապահին կալանքից ազատելու մասին: Սա միայն մի դրվագ է Գևորգ Կոստանյանի գործունեությունից: Նույն զինդատախազը (և՝ ոչ միայն նա) անտեսեցին Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի՝ մամուլով բազմիցս արած հայտարարությունները Լիսկայի նախկին «քաջագործությունների» մասին: Հարց է ծագում՝ եթե Սամվել Հարությունյանը ստում է, ինչո՞ւ չեն կանչում նրան պատասխանատվության՝ Սյունիքի նախկին մարզպետին զրպարտելու համար: Իսկ եթե նրա ասածները համապատասխանում են իրականությանը, ինչո՞ւ իրավապահ մարմինները, մի նոր քրեական գործ հարուցելու փոխարեն, ազատություն են շնորհում Լիսկայի որդուն ու նրա թիկնապահին: Եվ սրան զուգահեռ՝ շարունակում են անազատության մեջ պահել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին, որին կալանավորել են բացառապես ոստիկանների ցուցմունքների հիման վրա: «Գլուխն ավազի մեջ թաղելու» քաղաքականությունը, կարծում ենք, չի կարող անհետևանք մնալ: Լիսկային, նրա որդուն և թիկնապահին շնորհված ինդուլգենցիան բումերանգի հարվածով հետ է շպրտվելու: Հետ է շպրտվելու առաջին հերթին հենց նրանց ուղղությամբ, ովքեր աչք են փակում նախկին ու ներկա պաշտոնյաների ոչ իրավաչափ գործունեության վրա:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ